Այսօր Երուսաղեմի օրն է, որ նշանակում է ամբողջ Իսրայելից երիտասարդները գալիս են Հին քաղաք աղոթքի ու օրհնության: Այսօր առաջին անգամ Երւսաղեմի երկնքում երևացին ամպեր: Հեռու ու գեղեցիկ, ինչպես անկառավարելի գեղեցիկ կարող է լինել միայն երկնաբնակը:
Իսկ մենք գնացինք Բեթղեհեմ, այսինքն՝ Պաղեստին: Ճանապարհը կարճ էր, համարյա մեկ ժամ, գուցե ավելի քիչ: Ու մինչ կհասնեինք Իսրայելն ու Պաղեստինը բաժանող նշանավոր պատին, որ, բնականաբար, պիտի անցներ հայերին պատկանող հողով, ձախում Եղիա մարգարեի վանքը տեսանք, որտեղից նա կառքով բարձրացել է երկինք: Այսօր Իսրայելում նույնիսկ մարգարեները նախընտրում են ինքնաթիռը՝ ժամանակները իրապես փխվել են: Ձախում Եղիա մարգարեի վանքն էր, իսկ աջում արածում էին ոչխարները՝ անտարբեր ու երևի անհիշողություն: Պարոնտեր պատրիարքի գնած կալվածքը ժամանակին մեծ աջակցություն է եղել պատրիարքարանին, այնտեղ ևս ձիթենիներ են աճում և ձիթապտղի բերքը տնօրինում է պատրիարքարանը, իսկ ճգնարաններն արդեն նորոգության կարիք ունեն: Կարճ ժամանակ առաջ, երբ կառուցվում էր Իսրայելը Պաղեստինից անջատող պատը, նախագիծը հատում էր Պարոնտեր պատրիարքի կալվածքը համարյա կենտրոնից և պատրիարքարանից մեծ ջանքեր պահանջվեցին փրկելու ձիթենյաց այգին ու պարիսպը տեղաշարժելու: Հաջողվեց: Հենց այդ հատվածում են նաև Իսրայելի կառուցած նոր շենքերը, որոնց բնակեցման դեմ առարկում է Պաղեստինը՝ այդ հողերը համարելով վիճելի տարածք: Ու մինչ վիճում են, Իսրայելը խաղաղ բնակեցնում է այդ հողերը, որովհետև հողը քոնն է, երբ ապրում ես հողի վրա: Ինչ-ինչ, այդ ճշմարտությունը Իսրայելում լավ գիտեն:
Բեթղեհեմում, որ մի քանի տարի առաջ իննսուն տոկոսով բնակեցված է եղել արաբներով, իսկ հիմա մնացել է մոտ քառասուն տոկոս, հայերի երեսուն-քառասուն ընտանիք է ապրում ու իննսուն տոկոսը նույն ազգանունն ունեն: Հայկական դպրոց չկա, երեխաները դանդաղ արաբանում են, առավելևս, որ հաճախացել են հայերի խառն ամուսնությունները հունադավան արաբների ու անգլիկանների հետ: Բեթղեհեմում է ծնվել Դավիթ թագավորը: Վկայված էր, որ նրա տոհմից ու նրա քաղաքում պիտի ծնվեր հրեաների փրկիչը: Իսկ Հովսեփն ու Մարիամն ապրում էին Նազարեթում, ուր երկու հարյուր տարի առաջ տեղափոխվել էին նրանց ծնողները: Իր վերջին հրամաններից մեկով Հուլիոս Կեսարը կարգադրել էր Հռոմեական ողջ կայսրության տարածքով մարդահամար անցկացնել: Օկտավիանոսը, որ պիտի դառնար Օգոստոս կայսր, Կեսարի սպանությունից հետո կատարելով նրա հրամանը, շարունակեց մարդահամարը, որ մեզնից երկու հազար տարի առաջ տևում էր ոչ մեկ օր ու ոչ մեկ տարի, հռոմեացիները այնքան մշակված ընթացակարգ ունեին, որ հաշվարկում էին նաև մարդահամարի ընթացքում ծնվելիք ու մեռնելիք մարդկանց մոտավոր թիվը: Մարդահամարի համար Նազարեթից Բեթղեհեմ եկած ու Բեթղեհեմում իջևանատեղի չգտած Հովսեփը, Մարիամին տեղավորեց քարայրում, որտեղ հովիվներն էին ապրում ու իրենց հոտն էր գիշերում: Այդպես Հիսուսը ծնվեց գառների հետ: Այդ մսուրի տեղում այսօր սուրբ Ծննդյան տաճարն է, որ պատկանում է հայերին, հույներին ու կաթոլիկներին: Եռաթև տաճարի հայկական հատվածում է այն մսուրը, ուր ծնվել է Հիսուսը: Եվ հայ հոգևորականներն այնտեղ ամեն օր իրենց ժամին պատարագ են անում: Ամեն օր: Հիսուսի կյանքին առնչվող միակ տաճարն է սուրբ Ծննդյան տաճարը, որ չի քանդվել երբեք: Նույնիսկ թուրքերի տիրապետության ժամանակ: Ավանդությունը հաստատում է, որ երբ թուրքերը ցանկացել են իրենց սովորական գործն անել, նրանց ցույց են տվել տաճարի վրա պատկերված մոգերի պատկերները, որ Բեթհեղեմի աստղով լուսավորված ճանապարհ էին ընել՝ ընծաներ բերելու մանուկ Հիսուսին: Եվ թուրքերը չեն ավերել իրենց մոգերի պատկերով տաճարը: Իսկ գուցե և դա չէ պատճառը, կան չավերվող շինություններ, ու՝ վերջ: Տաճարի փայտե դռանը եղել է հազար երեք հարյուր երեք թվին Հեթում թագավորի կամքով արված արձանագրություն, որը, սակայն, հիմա չի երևում, որովհետև այն ժամանակվա դուռը տախտակվել է: Տաճար մտնելիս անպայման պիտի երկտակվես, ու դա պատահական չէ: Եղել են ժամանակներ, երբ օրվա տերերը իրենց ուղտերով են փորձել մտնել քրիստոնյաների տաճարները, դա էլ տարբերակ է քոնը հաստատելու ու քեզ տեր զգալու: Այսօր խոնարհված տաճար մտնելը բոլորովին այլ իմաստ ունի ու այս իմաստը շատ ավելի բովանդակային է ու գեղեցիկ: Հիսուսի ծննդյան մատուռում հայկական պատարագ էր ու պատարագիչ քահանայի աղոթքից խզված ձայնը այնքան ներդաշնակ էր փոքրիկ, համարյա ժամանակից ու տարածությունից դուրս գտնվող մատուռում, որ թվում էր շարականները պատերից, մոմավառությունից, խնկահարությունից մգացած պատերն են երգում: Սուրբ Ծննդյան եկեղեցու հայոց վանքը գործում է խաչակրաց ժամանակներից, խորանը վերջերս է վերականգնվել: Գեղեցիկ մի ավանդույթ կա Հայոց վանքի հետ կապված: Երբ երեխայի լեզուն ուշ է բացվում, ծնողները նրան բերում են Վանքի եկեղեցի, աղոթք են անում ու եկեղեցու բանալին հպում են խոսք չունեցող մանկան շուրթերին: Խոսում է: Վանքի եկեղեցի գալիս են նաև մահմեդականները, որոնց մարգարեները խոսք պարգևելու ուժ չեն գտնում: Գալիս են ոչ միայն շրջակայքից, այլև հեռուներից, անգամ Սաուդյան Արաբիայից, որովհետև հայոց աղոթքի ու վանքի բանալին բոլոր հոգիներն է բառավորում: Վանքի եկեղեցու տակ ձիթհանքն է, որ վերականգնել են իսպանացիները, հսկա աղորիքով: Այս ձիթհանքից ուղիղ ճանապարհ կա դեպի Երուսաղեմ, որի մասին գիտեն բոլորը, բայց անցնել կարող են քչերը: Նախ՝ դարեր շարոնակ դա եղել է գաղտնի գետնուղի, որ գործել է միայն հարձակումներից պաշտպանվելու, օգնության կանչելու ու այլ վտանգների ժամանակ, և հետո՝ հիմա այդ ճանապարհը հիմա փակ է: Բեթղեհեմում է նաև Կաթի քարայրը: Ավանդությունը պատմում է, որ երբ մանուկ Հիսուսին գրկած Մարիամը անցնում է քարայրների կողքով, երեխան կաթ է ուզում ու Մարիամը մտնում է քարայր, նրան կերակրելու: Կաթի մի կաթիլ գլորվում է քարին, ու այդ օրից այս քարայրը պտղաբերություն է շնորհում: Քարայրում նաև փոշի են վաճառում, որ ըստ ավանդության քերված է քարայրի պատերից ու բուժիչ է:
Բեթղեհեմը մեծ ու գեղեցիկ քաղաք է, և այսքանով չի ավարտվում ու չի կարող ավարտվել Բեթղեհեմի պատմությունը, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բեթղեհեմ
Հ.Գ.-Բեթղեհեմի աստղը տասնչորս թև ուներ, որ խորհրդանշել է Իսրայելի երեք անգամ տասնչորս սերունդները: Այդ աստղը այսօր էլ կա երկնքում, բայց տեսնում են քչերը: